haia-journal

ՀԱԻԱ

Հնագիտության և ազգագրության
ինստիտուտի աշխատություններ

2017 , № 2

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

I. ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Ֆիլինգս Ս․Ռ․, Հայոց պատմությունը քաղաքային առօրեականության մեջ,
ՀԱԻԱ, 2017, № 2, էջ 10-41։

Հոդվածում քննարկվում են հայերի համար պատմության կարևորության պատճառները և պարզաբանվում պատմության դրվագներն առօրյա կյանքում՝ այն իմաստավորելու նպատակով օգտագործման եղանակները: Հետևելով Էլիադեի (1963) և Մալքքիի (1995) «առասպելի» և «առասպելապատմության» հասկացություններին՝ հոդվածում բացատրվում է, թե ինչպես են պատմական դրվագներն օգտագործվում որպես «բարոյականությունը և տիեզերաբանությունը կարգավորող» պատմություններ՝ ծառայելով որպես կենսա­ և գործելակերպերի ուղեցույց: Այդ «կարգավորիչ» պատմություններում կարելի է առանձնացնել երկու թեմա` այսպես կոչված «հնության զգացողությունը» և «ողբերգության զգացողությունը»:

«Հնության զգացողությունը» դրսևորվում է հայերի էթնիկության և մշակույթի արմատների փնտրտուքում: «Ողբերգության զգացողությունը» կապված է հալածանքների, ջարդերի ու նահատակությունների արյունալի պատմության հետ: Այս հոդվածը մանրամասնում է, թե ինչպես այս երկու թեմաները, պատմության դրվագների հետ միահյուսված, գործում են որպես բարոյական ուղեցույց, և ինչպես են դրանք վերածվում արժեքների հիերարքիկ համակարգի: ftատմական դրվագների հիերարքիկ սանդղակն իր ակունքներով թվում է, թե գնում է դեպի «մոդեռնիզացիայի» և «առաջընթացի» խորհրդային ընկալումները: Այսպիսով, պատմությունը հանդես է գալիս որպես այդ երկուսի՝ պատմական մատերիալիզմի հայաստանյան ­ մեկնաբանության և մշակութային առանձնահատկություններ ունեցող լեյթմոտիվների խառնուրդ: Մինչդեռ այդ լեյթմոտիվները բարոյատիեզերաբանական պատմությունների բովանդակության մեծ մասն են կազմում, էվոլյուցիոնիզմի խորհրդային մեկնաբանությունն առաջ է քաշում այդ պատմությունների հիերարքիան՝ կառուցված առաջընթացի կեղծ քրոնոլոգիայի հիման վրա:

Հոդվածում ներկայացվում են հիշողության և ինքնության ազգայնականացման խնդիրները հայաստանյան գյուղական համայնքներում Հայրենական մեծ պատերազմի, Ցեղասպանության և արցախյան պատերազմի հուշարձանների օրինակով: Խնդիրը քննարկվում է բանալ, առօրյա ազգայնականության տեսության համատեքստում (Billig 1995; 2009): Վերլուծվում են խորհրդային, հետխորհրդային ժամանակաշրջանում ինքնությունների ձևավորման և խորհրդանշայնացման նարատիվերը, դրանց տարածման և քաղաքականացման գործընթացները համայնքային առօրյայում հուշարձանների միջոցով: Էթնիկ կամ ազգային ինքնությունը ձևավորող, ներկայացնող պատումերի և դրանց խորհրդանշանների առօրեականացումը տեղի է ունենում, օրինակ, հուշարձանների լանդշաֆտի կազմակերպման վերլուծության միջոցով, որը և քննարկվում է այս հոդվածում:

Այս հոդվածի նպատակն է պարզել` արդյոք Եվրատեսիլ երգի մրցույթը եղե՞լ է նախագծված պլան` ձևավորել ընդհանուր եվրոպական ինքնություն, և ծառայո՞ւմ է իր նպատակին: Այս հարցին պատասխանելու նպատակով հոդվածն անդրադառնում է Եվրատեսիլի զարգացումներին` շեշտադրելով մրցույթի դեպի Արևելք ընդլայնման վրա:

Ելնելով մրցույթի բազմաչափ բնույթից` հետազոտության ընթացքում կիրառվել է բազմագիտակարգային մեթոդաբանություն` ընդգրկելով էթնոերաժշտագիտական, կատարողական և ԶԼՄ-ի ուսումնասիրություններ (performance and media studies): Եվրատեսիլի դերը և մրցույթի ընկալումն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում լուսաբանելու նպատակով որոշակի դեպքերի ուսումնասիրություն է արվել` կոնֆլիկտող երկրների վրա հիմնական կենտրոնացմամբ:

Եվրատեսիլը հոդվածում ներկայացված է որպես բանալ ազգայնականության արտահայտություն: Միքայել Բիլլիգի կողմից առաջ քաշված այս տեսությունը պնդում է, որ ժամանակակից ազգայնականությունը չի ընկալվում որպես այդպիսին և մարդկանց ամենօրյա պրակտիկաներում անընդհատ վերարտադրման արդյունք է:

Հեղինակն անդրադառնում է Եվրատեսիլին՝ որպես «ներքևից վերև» ազգայնականության գործընթացի, որը գալիս է հասարակությունից, հակառակ «վերևիցներքև» ազգայնականության, որը էլիտաների կամ անհատ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների գործունեության արդյունք է:

Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Եվրատեսիլն իր ընդլայնման պատմության ընթացքում դարձել է ավելի ու ավելի մասնատված` վերածվելով բազում ինքնությունների բեմի: Այդ մասնատվածությունն արտահայտվում է մրցույթում ազգայնականության և քաղաքականության ամրապնդմամբ, որոնք մրցակցության, քվեարկության ռեգիոնալացված համակարգի և անդամ-երկրների միջև առկա կոնֆլիկտների արդյունք են:

II. ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՌՕՐԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հագուստի պրակտիկաները՝ որպես մարդու առօրյա մշակույթի անբաժան մաս, հետաքրքիր է ուսումասիրել հատկապես խորհրդային գաղափարախոսության ու պաշտոնապես վերահսկվող միջավայրում՝ դիտարկելով, թե նման պայմաններում մարդկանց կողմից ինչ նախաձեռնություններ են ցուցաբերվում, և ինչպես են դրանք հարաբերվում պաշտոնական մոտեցումերի հետ:

Հոդվածում քննարկվում են պետական գործարանային (բանասացների արտահայտությամբ՝ «ֆաբրիչնի») հագուստի հանդեպ երևանաբնակ կանանց միջավայրում տարածված վերաբերմունքը, այդ հագուստի հանդեպ արտահայտված մերժողականությունը և հագուստի ձեռքբերման այլընտրանքային պրակտիկաները: Առանձնակի քննարկման են արժանանում արտասահմանյան հագուստների, այսպես կոչված «իմպըրտնի» հագուստի նախընտրությունները և դրանց ձեռքբերման պրակտիկաները: Այս համատեքստում եմ քննարկում նաև հագուստ կարելու և գործելու պրակտիկան, մի դեպքում՝ որպես «իմպըրտնիին» նմանակելու, մյուս դեպքում՝ պարզապես սեփական գաղափարները և ճաշակը դրսևորելու միջոց: Այնուհետև վերլուծում եմ հագուստի մեջ դրսևորվող պաշտոնական գաղափարախոսության տարրերը, և թե ինչպես էին դրանք հարաբերվում մարդկանց հագնվելու առօրյա պրակտիկաների հետ:

III. ՍՓՅՈՒՌՔ ԵՎ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամանակակից ազգագրական հետազոտությունները ցույց են տալիս, որ թիֆլիսահայերը հիմնականում իրենց ընկալում են որպես բնիկ թիֆլիսցի, այլ ոչ թե Սփյուռքի մի մաս (Mkrtchian 2009: 305; Vardanyan 2006: 97)։ Դաշտային աշխատանքի միջոցով Թբիլիսիում հավաքած մեր տվյալները նույնպես հաստատում են, որ «հայկական Թիֆլիսի» մասին նարատիվի անընդհատ կրկնելը ինֆորմանտների մեծամասնության համար կազմում է հայկական ինքնության կարևոր մի տարր։ 2015-2016 թվականներին դաշտային աշխատանք անցկացնելու ընթացքում ես հայտնաբերել եմ ինքնահասկացման և ինքնաներկայացման ևս մի միտում. թիֆլիսահայությունը՝ որպես սփյուռքահայ համայնք, որը, ինչպես ես փորձում եմ ապացուցել այս հոդվածում, ժամանակակից երևույթ է և տարածվել է թիֆլիսահայերի շրջանում վերջին տարիների ընթացքում։ Հոդվածի նպատակն այս տարբեր ներկայացման ձևերի առաջացման պատճառների վերլուծությունն է։ Վերլուծության ենթարկելով թիֆլիսահայերի դրության մասին մրցակցող նարատիվերից յուրաքանչյուրը՝ ես փորձում եմ գտնել նրանց նպատակները, պատմական արմատները, ինչպես նաև հայտնաբերել հայ փոքրամասնության և մի կողմից՝ հայկական պետության, իսկ մյուս կողմից՝ վրացական հասարակության միջև առկա լարվածությունները, որոնք և՛ ստեղծվում են, և՛ տարածվում այդ մրցակցող նարատիվերի պատճառով։ Հոդվածը պատրաստվել է դաշտային աշխատանքի նյութերի, հայկական և վրացական լրատվամիջոցների և գիտական աշխատանքների հիման վրա։

Սփյուռքի ավանդական ինստիտուտների շարքում կարևոր դերակատարություն ունի էթնիկ մեդիան: Հայկական սփյուռքի տարբեր համայնքների ձևավորման պատմությունն ուղեկցվել է մամուլի ստեղծմամբ: Այն ոչ միայն նպաստել է էթնոմշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը, այլև նշանակալի դեր է կատարել ներգաղթյալների ամենօրյա կյանքում և էթնիկ համայնքի միավորման, ինքնակազմակերպման գործում: Ներկայիս գլոբալացվող և տեխնոլոգիական ժամանակաշրջանում էթնիկ մամուլը կարող է ստանձնել առավել մեծ դերակատարություն՝ ստեղծվելով տրանսազգային կոմունիկացիոն ցանց հայրենիքի ու սփյուռքի համայնքների միջև և ձևավորվելով որպես ընդհանրական արժեքային համակարգ:

Հոդվածի նպատակն է ցույց տալ էթնիկ մեդիայի դերը մշակութային և էթնիկ ինքնության պահպանման, արժեքների վերարտադրման և տարածման գործընթացներում: Աշխատանքը ենթադրում է հետևյալ խնդիրների առաջադրումը.

  • պարզել մամուլի ազդեցությունը էթնիկ և մշակութային ինքնության պահպանման վրա,
  • գնահատել մամուլի դերը էթնոմշակութային արժեքների վերարտադրման և տարածման գործում,
  • դուրս բերել մամուլի տարածած առանձնահատուկ և ընդհանուր (տեղային և համընդհանուր) էթնիկ արժեքները, սիմվոլները, միֆերը և գաղափարները:

Աշխատանքը հիմնված է հայկական Սփյուռքի տիպային երեք համայնքների՝ Մոսկվայի, Թեհրանի և Լոս Անջելեսի մամուլի համեմատական հետազոտության տվյալների վրա: Մամուլի ուսումնասիրությունն իրականացվել է բովանդակության վերլուծության մեթոդով: Այն ընդգրկել է երեք պարբերականների՝ «Ноев Ковчег» (Մոսկվա), «Ալիք» (Թեհրան), «Ասբարեզ» (Լոս Անջելես) վեց տարվա (2005­2010թթ.) հրատարակությունները (ներկայացուցչական ընտանիքով):

IV. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲՌՆԱԳԱՂԹ

1988-92 թթ. Խորհրդային, ապա Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանից բռնագաղթվածների 81%-ն ապրել էին Ադրբեջանի խոշոր քաղաքներում և նրանց 70%-ից ավելին ունեցել են բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն: Ադրբեջանահայ փախստականների զգալի մասի հիմական լեզուն ռուսերենն էր (Պողոսյան և Ավագյան 1998: 38): Այն փախստականները, որոնք ծնվել և մեծացել են Ադրբեջանում, ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն (դպրոցական, բարձրագույն կրթությունը եղել է ռուսերեն): Հոդվածում անդրադառնում եմ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանահայ փախստականների սոցիալ-մշակութային ինտեգրման համար հայերենի կարևորության խնդրին: Քննարկելու եմ ադրբեջանահայ փախստականների՝ հայաստանցիների հետ հաղորդակցման դժվարությունները, լեզվական խոչընդոտները հաղթահարելու ուղիները, մասնավորապես, թե ինչպես են կարողացել աշխատանք գտնել, ինչ պետական քաղաքականություն է տարվել՝ նրանց աջակցելու համար: Այս խնդրի հետազոտությունն իրականացվել է 1988-92 թթ. Խորհրդային, ապա Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանից բռնագաղթված հայկական ինքնությամբ փախստականների հետ: Հոդվածում քննարկելու եմ ինտեգրման և՛ իրավական, և՛ առօրյա մշակութային տարբերակները:

Ինտեգրացիան նախևառաջ իրավական գործընթաց է, երբ փախստականը հնարավորություն է ձեռք բերում օրինական ճանապարհով աշխատելու, բարելավելու սեփական կացությունն ու տնտեսապես ավելի քիչ կախման մեջ լինելու պետությունից ու միջազգային կազմակերպությունների բարեգործական օգնություններից (Crisp 2004): Ինտեգրումը նաև սոցիալական և մշակութային գործընթաց է, որը հնարավորություն է տալիս փախստականներին մասնակցելու երկրի սոցիալական կյանքին և ապրելու առանց վախի ու խտրականության:

Հետազոտությունն իրականացվել է Շիրակի 2ա, Արցախի փ. 4-րդ նրբանցք 10/2 հանրակացարաններում բնակվող 55 տարեկանից բարձր ադրբեջանահայ փախստականների հետ:

Մի կողմ դնելով «քառօրյա պատերազմի» քաղաքական և ռազմական նշանակությունը` այս հոդվածում քննարկելու եմ ադրբեջանական զինուժի կողմից գործադրված խոշտանգման ձևերը` համեմատելով Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչպես նաև հայ-ադրբեջանական պատերազմի նախորդ փուլերում արձանագրված խոշտանգումերի հետ՝ վերջինս դիտարկելով բռնության մշակույթի համատեքստում: Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ կիրառված բռնությունների և հատկապես խոշտանգումների միջև համեմատության փորձը պայմանավորված է նրանով, որ վերոհիշյալ բռնությունները հայկական լրատվամիջոցներով, պաշտոնական ելույթներում և հանրային քննարկումերում համեմատվում էին «Իսլամական պետության» ոճին հատուկ բռնարարքների հետ, նույնացվում էին «թուրքական մեթոդի» կամ «թուրքական դաժանությունների» հետ: Ընդ որում նույնացվում են նաև թուրք և ադրբեջանցի ժողովուրդները: Այս երևույթը հետաքրքրական է նրանով, որ բռնության այս կամ այն ձևերը պաշտոնական և հանրային քննարկումերում ստանում են «պատկանելիության» կարգավիճակ: Միաժամանակ կարևորվում է այն հանգամանքը, որ նման դաժանությունները սովորաբար բնորոշ են ցեղասպանական կամ դրան հավասարվող գործողություններին, և զուգահեռներ ունի Կոսովոյի, Բոսնիայի, Սինջարի, Ռուանդայի և ժամանակակից կյանքում գրանցված այլ ցեղասպանական գործողությունների հետ, երբ թշնամին զատորոշվում է ինքնությամբ:

Պաշտոնական հայտարարությունների, օտարերկրյա և հայ ականատեսների ու վերապրողների վկայությունների վրա հիմվելով` հոդվածում ներկայացնում եմ թուրք-ադրբեջանական «բռնության մշակույթի» տիպաբանությունը (հիմական ընդհանրությունները) Հայոց ցեղասպանության և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում: Չբացառելով հոդվածում քննարկվելիք բռնության ձևերի ունիվերսալությունը` փորձել եմ «թուրք-ադրբեջանական» օրինակով ներկայացնել, թե ինչ մշակութային գործոններով են օրինականացվում դրանք և պարբերաբար վերարտադրվում տվյալ հասարակություններում:

Սփյուռքում տեղի ունեցող մի շարք արտակարգ իրավիճակներ հանգեցնում են հայերի ներգաղթին դեպի Հայաստան: Ներգաղթյալների հոսքը դեպի Հայաստան պայմանավորում է նրանց ադապտացման ու հայաստանյան հասարակության մեջ ինտեգրման գործընթացի ուսումասիրման կարևորությունը: Վերջին տարիներին սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան ներգաղթեց սիրիահայերի մի ստվար հատված: Նշյալ համատեքստում կաևոր նշանակություն է ստանում Հայաստանում սիրիահայերի հարմարման գործընթացների ուսումասիրությունը:

Նոր միջավայրում ներգաղթյալի գոյատևման առաջնային պայմաններից են աշխատանք ունենալը, բնակարանի առկայությունը, նոր շրջապատի և ներգաղթյալի էթնոսոցիալական հատկանիշների համապատասխանությունը: Այս պատճառով ադապտացիոն գործընթացների հիմային ցուցանիշներից են նոր միջավայրում սիրիահայերի սոցիալ­մասնագիտական ինտեգրման առանձնահատկությունները` կախված սեռատարիքային կազմի, ընտանեկան կարգավիճակի, աշխատանքային գործունեության և այլ տեսակի ցուցիչներից:

Սույն զեկույցի նպատակն է բացահայտել Հայաստան ներգաղթած սիրիահայերի սոցիալ­մասնագիտական ինտեգրման որոշ առանձնահատկություններ: Աշխատանքն ուղղված է հետևյալ խնդիրների բացահայտմանը՝

  • նշել սիրիահայերի աշխատանքային զբաղվածության պատկերները Սիրիայում և Հայաստանում,
  • համեմատել սիրիահայերի նախկին և ներկայիս աշխատանքային գործունեության պատկերները, գտնել առանձնահատուկ և ընդհանուր կողմերը,
  • պարզել սիրիահայերի սոցիալ­մասնագիտական ինտեգրման վրա ազդող գործոնները:

Աշխատանքը հիմված է Սիրիայից Հայաստան ներգաղթած սիրիահայերի ադապտացման և ինտեգրման խնդիրների էթնոսոցիոլոգիական ուսումա­նսիրության արդյունքների վրա: Հետազոտությունն իրականացվել է երեք՝ ֆոկուս­խմբային հարցման, փորձագիտական հարցազրույցների և ձևայնացված հարցաթերթիկով հարցման մեթոդներով։ Աշխատանքում օգտագործվել են ձևայնացված հարցաթերթիկով հարցման տվյալները:

Տեղափոխությունը դեպի նոր միջավայր ներգաղթյալից պահանջում է ջանքերի մոբիլիզացում՝ տեղափոխման արդյունքում առաջացած խնդիրների հաղթահարման նպատակով: Այն առաջ է բերում մի շարք անխուսափելի գործընթացներ, որի արդյունքում ներգաղթյալն ընտրում է ինքնակազմարկերպման և ադապտացիայի որոշակի եղանակ:

Հոդվածը նպատակ ունի ուսումասիրել ցանցային հարաբերությունները՝ որպես նոր միջավայր տեղափոխված խմբի ադապտացիայի կարևոր գործոն: Այդ նպատակով առաջադրվել են հետևյալ խնդիրները.

  • ցույց տալ ցանցային հարաբերությունների դերը էթնիկ խմբի ադապտացման գործում,
  • պարզել սիրիահայերի ներգրավվածության աստիճանը Հայաստանի սոցիալական միջավայրում,
  • համեմատել նրանց սոցիալական ներգրավվածության աստիճանը Սիրիայի ազգային կառույցներում և հայաստանյան կազմակերպություններում (մարզական, մշակութային միություններ, ակումբներ, խմբակներ և այլն):

Աշխատանքը հիմված է վերջին երեք տարիներին Հայաստան ներգաղթած սիրիահայերի էթնոսոցիոլոգիական հետազոտության վրա: Այն իրականացվել է 3 մեթոդների՝ ֆոկուս-խմբային հարցման, փորձագիտական հարցման և ձևայնացված հարցաթերթիկով հարցման հիման վրա:

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հնաբուսաբանական հետազոտությունների միջոցով հնարավոր է ստանալ տվյալներ անցյալի բուսական տնտեսության և միջավայրի մասին: Այդ տվյալները ստացվում են գերազանցապես հնավայրերի մշակութային շերտերից առանձնացրած բուսական մնացորդների հետազոտության արդյունքում: Հետագա հնաբուսաբանական հետազոտությունների համար մշակութային նստվածքների նմուշառումը հաճախ անում են պեղող հնագետները և ուսանողները, ովքեր ոչ միշտ են ծանոթ այդ նմուշառման մեթոդաբանությանը: Սույն աշխատանքը հնագիտական պեղումների ընթացքում հնաբուսաբանական հետազոտությունների համար մշակութային նստվածքների նմուշառման ամփոփ ուղեցույց է, որը գրվել է որպես պատասխան առկա պահանջարկին:

Պետրոսյան Ա․Ա․, Քարե գործիքների ուսումնասիրության մեթոդոլոգիան,
ՀԱԻԱ, 2017, № 2, էջ 217-237։

Մարդկության վաղագույն շրջանի պատմության վերլուծության համար կարևոր է քարի գործիքների, դրանց բեկոտման տեխնիկայի և տեխնոլոգիայի ուսումասիրությունը: 1950 թ. լույս տեսավ ստորին և միջին քարի դարի ինդուստրիաների տիպոլոգիական և տեխնոլոգիական հարցերին նվիրված ֆրանսիացի նշանավոր հնագետ Ֆրանսուա Բորդի աշխատությունը (Bordes 1950): Հիմվելով էվոլուցիոն տեսության վրա, Բորդը առաջարկում էր ստորին և միջին պալեոլիթյան գործիքների մի ցուցակ, որտեղ տարբերակվում էին բեկորների վրա արված գործիքների63 տեսակներ, որոնք իրենց հերթին բաժանվում էին չորս խմբի: Նման տիպաբանական համակարգի ստեղծումը մեծ ձեռքբերում էր հատկապես միջին պալեոլիթի քարի ինդուստրիան ուսումասիրելու համար: Բորդի աշխատանքը քննադատվեց անգլոսաքսոն մի քանի հեղինակների կողմից, ովքեր փորձում էին դրան հակադրել վերլուծության մի նոր մեթոդ, որը այդպես էլ լայն կիրառություն չունեցավ:

Զարգացնելով Բորդի առաջարկած մեթոդը 1953 թ. Դենիս դը Սոնեվիլ Բորդը և Ժան Պերոտը վերին պալեոլիթի համար առաջարկում են մի ցուցակ բաղկացած 92 տիպերից:

Ապագայում մշակվում են քարի ինդուստրիայի տիպաբանությանը վերաբերող այլ ցուցակներ, որոնք կապված էին հիմականում վերին պալեոլիթի, էպիպալեոլիթ ­ մեզոլիթի քարի ինդուստրիաների ուսումասիրության հետ (Broglio & Kozlowski 1983):

Վերին պալեոլիթյան քարի ինդուստրիայի ուսումասիրության ամենաճկուն համակարգը, մինչ այժմ բազմաթիվ հեղինակների կողմից համարվում է դեռ 1964 թ. Ջորջ Լապլասի կողմից առաջարկվածը (Laplace 1964), որը կիրառվում է նաև ավելի ուշ ինդուստրիաները բնորոշելիս: Հետագայում Լապլասը որոշակի փոփոխություններ կատարեց իր առաջարկած համակարգում առանձնացնելով վեց տիպեր՝ ըստ գործիքների վրա առկա ռետուշի (Laplace 1968):

Լապլասի առաջարկած համակարգից հետո, որպես քարի ինդուստրիայի ուսումասիրության ոլորտում նոր մոտեցում է համարվում ֆրանսիացի ուսումասիրողների աշխատանքը, որում փորձ է կատարվել ամփոփել քարի ինդուստրիայի ոլորտում առկա բոլոր մոտեցումերը (Inizian el al. 1999):

Հոդվածը նվիրված է վաղբրոնզեդարյան մշակույթում հազվադեպ հանդիպող զարդարման մոտեցումերին: Նման օրինակներ առայժմ մեզ հայտնի են Արագածից, Կառնուտից, Հառիճից, Մեծ Սեպասարից, Շենգավիթից, Շիրակավանից, Ջրաձորից, Ֆիոլետովոյից, Քեթիից: Այս եզակի օրինակների զարդաձևերը ակոսային են, ռելիեֆ, կատարված են սեղմելու­փոսիկավորելու նաև կոկման և գունազարդ եղանակներով: Պատկերվել են կարասների, կճուճների, քրեղանների, թասերի և այլ տիպի անոթների վրա: Ներկայացվածների շարքում աչքի են ընկնում Շիրակավանից հայտնաբերված լայնաբերան կարասի շուրթի բեկորները՝ ներսի կողմից զարդարված սյուժետային պատկերով, որն առայժմ իր տեսակի մեջ եզակի է: Այս սյուժեի խորակոս, ազատ ոճով կատարման եղանակը մոտենում է խորակոս­փորագիր ժայռաքանդակներին: Նույնը կարելի է համեմատել ուշ բրոնզեդարյան գոտիների պատկերների հետ: Նմանատիպ լայնաբերան կարասներում պահվել է ընդեղեն, հատկապես՝ ցորեն, որի կարևորագույն նշանակությունն անառարկելի է: Այն իր կիրառական առումով (ընդեղեն ամբարելու)՝ լիովին համադրվում, լրացնում է նույն կարասի պատկերագիրը՝ գարուն ավետող սյուժեն:

Գրիգորյան Ա․Լ․, Սոթքի տարածաշրջանի անտիկ և միջնադարյան հուշարձանները,
ՀԱԻԱ, 2017, № 2, էջ 248-263:

Հոդվածը նվիրված է Սոթքի տարածաշրջանի անտիկ և միջնադարյան հուշարձանների ուսումասիրության պատմությանը՝ մասնավորապես վերջին տարիներին իրականացված հնագիտական պեղումերի և հետախուզական աշխատանքների արդյունքներին:

Այդ հուշարձաններում 1906-­2015 թթ. աշխատած շուրջ մեկուկես տասնյակ գիտական արշավախմբերի կատարած պատմահնագիտական և մշակութաբանական ուսումնասիրություններն էապես ավելացրել են գիտելիքները տարածաշրջանի պատմության և մշակույթի վերաբերյալ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տարածաշրջանը գտնվելով առևտրական կարևոր ճանապարհների խաչմերուկում` հանդիսացել է ռազմավարական հանգույց, ինչն էլ նպաստել է նրա տնտեսական և մշակութային վերելքին: