I. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աբրահամյան Լ․Հ․, Թամանյանի ժողտունը. առասպելաբանություն, գաղափարախոսություն, ճարտարապետություն,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 8-19։
Թամանյանի Ժողտան՝ ապագա Օպերայի եւ բալետի թատրոնի շինության օրինակով հոդվածում ցույց են տրվում ճարտարապետի պատկերացումները տարածքի եւ դրա պատմամշակութային արմատների միստիկ աղերսների մասին: Թամանյանի Ժողտունը, ինչպես եւ իր ընդդիմախոսների՝ երիտասարդ պրոլետար ճարտարապետների կոնստրուկտիվիստական պատկերացումները դիտարկվում են Վլադիմիր Պապեռնիի առաջարկած «Մշակույթ Մեկ» եւ «Մշակույթ Երկու» մոդելների շրջանակում: Բացահայտվում է Թամանյանի ստեղծած յուրահատուկ «Մշակույթ Երկուս»-ը, որը միավորում է կլասիցիզմը եւ միջնադարյան հայկական ճարտարապետությունը: Ցույց է տրվում նաեւ Թամանյանի երեւակայած տաճարի բազմաշերտ առասպելաբանական եւ արխետիպային համատեքստը:
Բոբոխյան Ա․Ա․, Կաթքար-վիշապաքար. Երվանդ Լալայանից հարյուր տարի անց,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 20-35։
Նշանավոր ազգագրագետ եւ հնագետ Երվանդ Լալայանը 1892 թ. լույս տեսած «Ջաւախքի բուրմունք» իր հայտնի գրքում առաջին անգամ շրջանառության մեջ դրեց Մուրջախեթ գյուղում գտնվող «Կաթքարի» մասին ավանդազրույցը եւ դրա հետ կապված պատկերացումները: Հետագայում այլ հեղինակներ եւս գրանցեցին այդ նույն ավանդազրույցի տարբերակները: Ուշագրավն այն է, որ Կաթքարն իրականում վիշապաքար է՝ հնագույն Հայաստանի կոթողային արվեստի կարեւոր հուշարձան, ինչն այդ նվիրական քարը դարձնում է միաժամանակ ազգագրական եւ հնագիտական հետազոտության առարկա: Այս հոդվածում փորձ է կատարվում ընդհանուր գծերով ներկայացնելու Կաթքարի մասին առկա տվյալները՝ շրջանառության մեջ դնելով ավանդազրույցի մի նոր տարբերակ եւ երեւույթը քննարկելով վիշապաքարերի ուսումնասիրության համատեքստում:
Սիմոնյան Լ․Դ․, Արեւելյան Հայաստանի սրբավայրերը 17-րդ դ. վերջին. ըստ Երեմիա Քյոմյուրճյանի քարտեզի և Թովմա Վանանդեցու «Բան չափեալ ՚ի սրբազան տեղիս աշխարհին հայոց»-ի,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 36-47։
Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանի քարտեզը, որում նշված են պատմական Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս գտնվող մեծ քանակությամբ ուխտավայրեր, համադրված Թովմա Վանանդեցու՝ Սահակ եւ Ասլան եղբայրների համալիր ուխտագնացության չափածո նկարագրության հետ, հարուստ նյութ են տրամադրում 17-րդ դ. երկրորդ կեսին հայոց սրբավայրերի եւ դրանցում պահվող սրբությունների մասին: Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի նյութերը բացահայտում են Երեմիայի քարտեզի եւ Թովմայի փոքր պոեմի ստեղծման ժամանակից մինչեւ մեր օրերը տեղի ունեցած փոփոխությունների ընթացքը: Այդ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն որոշ սրբավայրերի մարմանը, մոռացմանը կամ վերածմանը զուտ պատմական հուշարձանների, այլեւ ուխտագնացության դրդապատճառներին եւ դրանց հետ կապված՝ սրբավայրի մասին ավանդազրույցներին, ինչպես նաեւ ժողովրդական պաշտամունքի ձեւերին:
Այդ եւ ազգագրական գիտարշավների տվյալների համեմատությունը երեւան է հանում սրբավայրերի մի մասի զարմանալի կենսունակությունը եւ մյուսների՝ հիմնովին մոռացված լինելը, ընդ որում չկա ուղիղ հարաբերակցություն շինությունների պահպանվածության եւ ուխտագնացության ավանդույթի ու պատումների պահպանման միջեւ: Որոշ դեպքերում (Սաղմոսավանք, Տեղերի վանք, Վարդաբլուրի Ս. Սարգիս, Արայի լեռ, Փարպիի Ս. Գրիգոր) ուխտագնացության ավանդույթը պահպանվել է մինչեւ մեր օրերը՝ տոնակատարության ժամետներով հանդերձ, մյուս դեպքերում (Արշակունյաց վանք, Գառնի վանք, Բաշգոփարան – Ստեփանոսի ուխտ) դժվարությամբ են նույնականացվում ինքնին սրբավայրերը, իսկ ուխտը կա՛մ բոլորովին մարել է, կա՛մ ետադիմել է մինչեւ պատահական այցելություններ: Հատուկ դեպք է սրբավայրի անվանափոխությունը եւ պաշտամունքի ձեւերի փոփոխությունը:
Կարեւորագույն փոփոխությունը, որ ակնառու է համեմատության դեպքում, սրբավայրի այցելության պատճառաբանությունն է: Եթե 17-րդ դարում ուխտավայրեր այցելում էին մասունքներին հարգանք մատուցելու նպատակով, ապա ետխորհրդային շրջանում գլխավորապես այցելում են սուրբ տեղը: Մյուս կողմից, երբեմնի ճանապարհների մոտ կառուցված սրբավայրերը հետագայում հայտնվել են հաղորդակցման նոր ուղիներից հեռու, իսկ հնում բնակավայրերից որոշակի հեռավորության վրա գտնվող սրբավայրերը՝ նոր ճանապարհների եւ բնակավայրերի տարածքներում:
17-րդ եւ 21-րդ դդ. նյութերի համեմատական ուսումնասիրությունն, այսպիսով, ավելի արդյունավետ է դարձնում սրբավայրի ընկալման փոփոխությունների դինամիկայի հետազոտությունը:
Դալալյան Տ․Ս․, Նվագարանների առաջացումն ու գործառնությունը ըստ Վարդան Այգեկցու և Հովհաննես Պլուզի հաղորդած ավանդազրույցի,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 48-60։
Հայ միջնադարյան բանահյուսական ստեղծագործությունները ցիրուցան կերպով պահպանվել են տարբեր ժանրերի գրական հուշարձաններում: Ներկա հոդվածն անդրադառնում է միջնադարյան մի ավանդազրույցի, որը վկայված է երկու մատենագիրների՝ ընդհանուր առմամբ բարոյախրատական բովանդակության երկերում: Խնդրո առարկա ավանդազրույցը բացատրում է նվագարանների ծագումը եւ մեկնաբանում դրանց էությունը: Հոդվածում հընթացս արծարծվում են նաեւ նվագարանների վերաբերյալ միջնադարում գերիշխող հոգեւոր-եկեղեցական մտայնության որոշ դրսեւորումներ: Այդ մտայնությունը տարբեր ձեւափոխումներով հասել է մինչեւ մեր օրերը եւ արտացոլվել սրբավայրը «երկու մշակութային տարածքների» սահմանազատելու մշակութաբանական երեւույթի մեջ: Բացի այդ, քննարկվող ավանդազրույցը վերիմաստավորվել եւ ձեռք է բերել ծննդաբանական առասպելի հատկանիշներ՝ կապվելով հայերի ենթաէթնիկ խմբերից մեկի մտահայեցողական ծագմանը:
II. ԴԱՇՏԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չոլաքեան Հ․Մ․, Անտիոքի հայաբնակ շրջաններու տոհմիկ նուագարանները,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 62-74։
Անտիոքի շրջանի հայաբնակ գիւղական վայրերուն (Սուէտիոյ, Քեսապի, Ռուճի հովիտի, Քիւրտ տաղի եւ Լաթաքիոյ մերձակայ գիւղեր) մէջ ամենատարածուած երաժշտական գործիքները փողայիններն էին՝ զուռնա, գաւալ, արղուր ու շուպապի, իսկ հարուածայիններէն՝ մեծ թմբուկը, որ կը գործածուէր զուռնայի նուագակցութեամբ, եւ փոքր թմբուկը՝ տըմպալաք: Ասոնք հասարակաց էին շրջակայ արաբ, քիւրտ ու թուրքմէն ժողովուրդներու համար եւս, թէպէտեւ պարեղանակներն ու խաղեղանակները մեծապէս կը տարբերէին՝ ունենալով ծիսակարգային իւրայատկութիւններ: Այժմ այղ նուագարաններէն որոշ կենդանութիւն ունին թմբուկն ու զուռնան եւ մասամբ գաւալը:
Մարության Հ․Տ․, Արհեստագործական որոշ ավանդույթների վերափոխումը Տավուշում (ըստ Իջեւան եւ Դիլիջան քաղաքների նյութերի),
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 75-84։
Իջեւան եւ Դիլիջան քաղաքներն ունեն արհեստագործական հարուստ ավանդույթներ, որոնք զանազան դրսեւորումներով շարունակվում են նաեւ մեր օրերում: Այդ զարգացումները տեղ են գտնում զուգահեռ ընթացող մի քանի ուղղություններով՝ այդկերպ ձեւավորելով ներկա անցումային շրջանի համար բնութագրական հետաքրքիր իրավիճակներ: Հարցը քննարկվում է գորգագործության եւ փայտագործության մերօրյա վիճակի հենքին: Ի մասնավորի, դիտարկվում է տարածաշրջանի համար ընդամենը երեք տասնամյակ առաջ բրենդային դեր ունեցող «դեղնաքյունջ» գորգի ճակատագիրը՝ ծագումը, զարգացումը, վախճանը, ինչպես նաեւ այն գործոնները, որոնք ուղղակի եւ անուղղակի ազդեցություն ունեին այդ գորգատեսակի վերելքի ու անկման վրա: Փայտի հետ գործ ունեցող արհեստավորների եւ արվեստագետների մեջ առանձնացվում են հինգ խմբեր, ինչը զգալի չափով թելադրված է շուկայի պահանջարկով: Նկատվում է, որ փայտի փորագրության ավանդական եղանակները կարծես թե իրենց տեղն աստիճանաբար զիջում են փայտի մշակման այլ տեխնոլոգիական լուծումներին:
Երանոսյան Ա․Ա․, Հայոց տոհմածառերի ազգագրական ուսումնասիրություն. հիշողություն և սերունդների տեսողական խոսույթ,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 85-92։
Հոդվածը նվիրված է հայոց տոհմածառերի տիպաբանական ուսումնասիրությանն ու հիմնական պատկերային պրակտիկաների վերլուծությանը: Հայոց մեջ տոհմածառային ավանդույթը առավել լայն տարածում է գտել 19-րդ դարից: Այդ երեւույթը կարելի է բացատրել գրատպության զարգացմամբ, մարդկանց գրագիտության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաեւ սեփական պատմության հանդեպ հետաքրքրությամբ:
Հարությունյան Հ․Տ․, Կաթը և կաթնամթերքը հայ ժողովրդական բժշկության մեջ,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 93-103։
Հայ ժողովրդական բժշկությունն ունի դարավոր ավանդույթներ: Ժողովրդական բուժամիջոցներն ու բուժման եղանակներն այնքան խորն արմատներ ունեն, որ այսօր էլ, չնայած արհեստավարժ բժշկության աննախադեպ ձեռքբերումներին, չեն մոռացվել եւ շարունակում են կիրառվել տարբեր հիվանդություններ դարմանելու համար: Ժողովրդական գիտելիքի այս բնագավառը հարուստ շտեմարան է ոչ միայն ազգագրության, այլեւ բժշկագիտության համար: Սույն հոդվածի խնդիրն է՝ վեր հանել կաթի եւ կաթնամթերքի տեղն ու դերը հայոց բազմադարյան փորձի արդյունքում ձեւավորված հմտություններն իրենց մեջ խտացրած ժողովրդական բուժամիջոցների շարքում՝ բացահայտելով բուժման եղանակները, ընդգծելով դրանց համահայկական ընդհանրություններն ու պատմազգագրական առանձնահատկությունները: Այդ ուսումնասիրությունը կարող է ունենալ գործնական կարեւոր նշանակություն:
Ամիրխանյան Ա․Վ․, Վայրի բույսերի թթուները Լոռիում և Տավուշում (ըստ դաշտային ազգագրական նյութերի),
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 104-113։
Թթուները հայոց ուտեստի համակարգի կարեւոր բաղադրիչներից են եւ հիմնականում պատրաստվում են գարնանն ու աշնանը: Գարնանը թթուները բաղկացած են բացառապես վայրի բույսերից, իսկ աշնանը՝ մշակովի բանջարեղենից: Վերջիններս, ի տարբերություն գարնան թթուների, երկար պահպանվելու շնորհիվ ձմռան պաշարի մաս են կազմում: Լոռու եւ Տավուշի մարզերում 2009 – 2015 թթ. գրանցել ենք 20-ից ավելի վայրի բույսեր, որոնց թթուներն առատորեն կիրառվում են ողջ գարնանն ու ամռան սկզբին, իսկ որոշ տեսակներ ձմռան պաշարի մաս են կազմում: Վերջին տարիներին վայրի բույսերի թթուները բարձր են գնահատվում նաեւ որպես էկոլոգիապես մաքուր մթերք:
Գրիգորյան Գ․Ա․, Փոխօգնության տարրերը Տավուշի սահմանամերձ գյուղերում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 114-122։
Հարյուրամյակներ շարունակ հանրային հարաբերություններում կարեւոր դեր ու նշանակություն է ունեցել մարդկանց եւ ընտանիքների փոխօգնությունը, որն այսօր էլ պահպանվում է: Հարեւանների, ազգակիցների, համայնքների միջեւ ավանդականորեն ձեւավորված փոխօգնությունը արտահայտվել է տնտեսական զբաղմունքների մեջ, առօրյա կենցաղում, անհատական եւ համայնքային շինարարական եւ այլ աշխատանքներում: Տնտեսական փոխօգնությունը նպաստել է գյուղատնտեսական գործերի արդյունավետ իրականացմանը: Սույն հոդվածը ներկայացնում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 2016 – 2017 թթ. հավաքված ազգագրական նյութը, որի տեղեկատուները տարբեր տարիքի եւ սեռի մարդիկ են Բերդավան, Բաղանիս, Դովեղ գյուղերից:
Աղանյան Թ․Գ․, Մշակութային ավանդույթների պահպանման և մշակութային էկոլոգիայի խնդիրները ետաղետյան Գյումրիում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 123-130։
Հոդվածը նվիրված է ետաղետյան Գյումրու մշակութային ադապտացիայի, մշակութային ավանդույթների պահպանման եւ մշակութային էկոլոգիայի խնդիրների վերլուծությանը: Ներկայացվել են աղետից հետո մշակութային կյանքի զարգացումները, արվեստի տարբեր տեսակների ներգործությունն ու ազդեցությունը աղետյալների հոգեբանական վերականգնման եւ հարմարողական գործընթացներում: Քննարկվել է նաեւ Գյումրու մշակութային էկոլոգիայի ու մասնավորապես ձեւափոխված կենսական միջավայրի կամ մշակութային լանդշաֆտի կարեւոր նշանակությունը մարդկանց ինքնազգացողության եւ հատկապես երեխաների գեղագիտական ճաշակի ձեւավորման վրա:
Ստեփանյան Գ․Յ․, Բացառապես կրծքով կերակրման վեցամսյակը՝ որպես մոր և մանկան կյանքի անցումային փուլ,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 131-141։
Հոդվածը նվիրված է բացառապես կրծքով կերակրման (այսուհետ՝ ԲԿԿ) վեցամսյակին, որը դիտարկվում է որպես անցումային շրջան մոր եւ մանկան կյանքում: Հետազոտության աղբյուրը Դիմագիրք (Facebook) սոցցանցում գործող՝ մայրիկների ամենատարբեր խմբերն են: Հատկանշական են հաջողված պատմություն հեշտանիշի (Hashtag) ներքո հավաքվող մայրերի՝ կրծքով կերակրման (այսուհետ՝ ԿԿ) պատմությունները: Սրանք ԿԿ յուրօրինակ պատմաշարեր են, որոնց ձեւակերպումն իսկ՝ որպես հաջողված պատմություն, վկայում է ԿԿ ուղու բարդության մասին: Մյուս կողմից, ԿԿ պատմություններում վեցամսյակի առանձնացումը՝ որպես առանձին պատմաշար, խոսում է ԲԿԿ շրջանն իբրեւ առանձին անցումային փուլ դիտարկելու օգտին: Մայրերի բառամթերքը, որով նրանք ներկայացնում են այս շրջանի հետ կապված իրենց ապրումներն ու փորձառությունը, հուշում է վեցամսյա փուլի եւ դրա ավարտի ծիսական որոշակի ենթատեքստի մասին: Իր կարեւորությամբ եւ փորձությունների հաղթահարման դժվարությամբ՝ քննարկվող շրջանը ետեւում է թողնում վաղ մանկության շրջանի անցումային այլ փուլեր, մասնավորապես՝ քառասունքը եւ մինչեւ անգամ հղիության/ներարգանդային կյանքի ինն ամիսները, իսկ ինչ վերաբերում է ծննդյան ակտին, ապա միանգամայն համադրելի է համարվում վերջինիս հետ: Իրականում, այս երկու՝ ներարգանդային եւ ԿԿ շրջանները, համադրելի են միմյանց հետ՝ նախ եւ առաջ իբրեւ մոր եւ մանկան միասնության փուլեր, եւ վեցամսյակում մանկատածության առանցքային խնդիրն է դառնում հենց այդ՝ ներարգանդային միասնության ապահովումն արտարգանդային կյանքում:
Անտոնյան Յ․Յ․, «Հայաստանում խաչքավորների պակաս չկա». խաչքավորի ինստիտուտը ժամանակակից Հայաստանում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 142-153։
Հոդվածը ազգագրական ակնարկ է՝ ժամանակակից Հայաստանում խաչքավորի պաշտոնի սոցիալական գործառույթների ու դերակատարման փոխակերպումների մասին: Նախախորհրդային եւ խորհրդային ժամանակների խաչքավորի կերպարը վերականգնվում է որպես համայնքից հարգված մարդու ներգրավում՝ Քրիստոսի մրտության ծեսի մեջ, եւ որպես պատվո նշան: Ետխորհրդային ժամանակներում այն ստանում է ավելի ընդլայնված գործառույթներ: Խաչքավորը դառնում է եկեղեցական ծեսերի ու եկեղեցական տնտեսական կյանքի կարեւոր աշխարհիկ մասնակից, որի գործառույթները ծավալվում են ներկայացուցչական ու տնտեսական բնագավառներում: Բացի այդ, թուլանում է խաչքավորի կապը Քրիստոսի մրտության ծեսի հետ, եւ սրան հակառակ՝ աճում է նրա ներկայությունը կրոնական ոլորտին առնչվող համայնքային այլ նախաձեռնություններում: Խաչքավորի պաշտոնը ձեռք է բերում տնտեսական եւ քաղաքական իշխանություն ունեցող մարդկանց լեգիտիմացման եւ բարոյականացման հիմնական մեխանիզմի իմաստավորում:
Ղռեջյան Լ․Խ․, Սևանի ավազանի բանահյուսական եւ ազգագրական մշակույթի արդի վիճակը ըստ 2008 – 2015 թթ. դաշտային դիտարկումների,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 154-164։
Հոդվածում ներկայացված է Սեւանի ավազանի բանահյուսական եւ ազգագրական մշակույթի ընդհանուր պատկերը 21-րդ դարի սկզբներին, այսինքն՝ մեր օրերում: Անդրադառնալով Սեւանի ավազանի բնակավայրերին՝ նպատակ ենք հետապնդում ներկայացնելու Գեղարքունիքի մարզը՝ որպես մեկ ամբողջական բանահյուսական մշակութային տարածք, որի բնակչության ազգագրական եւ բարբառային բազմազանությունն իր նկատելի կնիքն է թողել նրա հոգեւոր մշակույթի, մասնավորապես՝ բանահյուսության վրա. վերջինս աչքի է ընկնում ժանրային ու ոճաբարբառային բազմազանությամբ եւ նյութերի առատությամբ: Մարզն ունի ութ տասնյակից ավելի բնակավայր, որոնցից հետազոտություններ ենք անցկացրել տասնյակ բնակավայրերում. գրառման կամ ձայնագրման եղանակով հավաքել ենք բանահյուսական, ազգագրական նյութեր՝ յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ խոսվածքով:
III. ՏԵՔՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաքելյան Ս․Շ․, Անեծքը և օրհնանքը Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 166-176։
Անեծք-օրհնանքներն ավանդական պատկերավոր բանաձեւեր են, որոնք, սերնդեսերունդ փոխանցվելով՝ ձեռք են բերել բանահյուսական նկարագիր: Դրանք իրենց կիրառական նշանակությամբ կենցաղավարում են ցայսօր՝ մասնավորապես ժողովրդախոսակցական լեզվում: Անեծք-օրհնանքների գլխավոր նպատակը՝ դրանց ենթակա անձանց, առարկաների կամ իրադրությունների վիճակի փոփոխության ցանկությունն է. օրհնվելու դեպքում՝ վիճակի փոփոխությունը ենթադրում է ուժ, առատություն, իսկ անիծվելու պարագայում՝ տկարություն, մահ: Անեծք-օրհնանքները հնուց ի վեր հանդես են եկել որպես եւ՛ նյութական, եւ՛ բարոյական արժեքները պահպանելու միջոց: Հանրույթները դրանց վերագրել են հմայական մեծ արժեք, եւ այնքան խորն է եղել հավատալիքը կատարման հանդեպ, որ դեռեւս վաղնջական ժամանակներից, որպես պաշտպանող միջոց, դրանք կազմել են նաեւ գրավոր մշակույթի անկապտելի մաս: Սրա վառ օրինակները տեսանելի են նախաքրիստոնեական եւ քրիստոնեական ժամանակաշրջանների վիմական արձանագրություններում ու դիվանների գրություններում, գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Այս առումով մեծ արժեք է ներկայացնում Ստեփանոս Օբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկը, որը եզակի է իր ամբողջական մեջբերված աղբյուրներով եւ այդ աղբյուրներում անեծք-օրհնանքի տեքստերի պահպանված կաղապարներով, որոնք կան երկում հիշատակվող թե՛ վիմական, թե՛ մագաղաթյա արձանագրություններում:
Սարգսյան Ա․Շ․, Թաղման ժողովրդական ծիսակարգային տարրերի արտացոլումը հայկական անեկդոտներում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 177-186։
Թաղման ծիսակարգի հետ կապված հայ ժողովրդական երգիծական մանրապատումները, բացի այն կարեւոր գործառույթից, որ կատարում են (անգամ ցավ ու դարդի մեջ չընկճվել, պահպանել տոկունությունը, կենսախնդությամբ շարունակել ապրել ու արարել), ունեն նաեւ ճանաչողական վիթխարի արժեք: Դրանք իրենց մեջ ամբարել եւ պահպանել են այդ արարողակարգին առնչվող բազմաթիվ ինքնատիպ տարրեր, որոնք պատկերացում են տալիս հայ մարդու կյանքի, կենցաղի, սովորությունների, նիստուկացի, լեզվամտածողության, մարդկային փոխհարաբերությունների եւ այլ երեւույթների վերաբերյալ: Դրանք կարող են արժեքավոր տեղեկություններ հաղորդել պատմաբաններին ու ազգագրագետներին, լեզվաբաններին ու հնագետներին, փիլիսոփաներին եւ մարդկային արժեքներով հետաքրքրվող տարատեսակ մասնագետների:
Խեմչյան Մ․Հ․, Աստծո միջամտության դրվագը հայ ժողովրդական հեքիաթների սյուժեներում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 187-198։
Հնուց ի վեր՝ մարդը, երազելով բարեկեցիկ կյանքի ու կենցաղի մասին, խնդրանքով՝ երբեմն ոչ-բարձրաձայն, դիմել է Աստծուն: Հոդվածում արտացոլված է Աստծո միջամտությունը հեքիաթի հերոսի գործողություններին, բացահայտված են Աստծո՝ ամենազոր, գթասիրտ, դաստիարակող, պատժող եւ այլ հատկանիշները: Մարդու կրոնադիցաբանական պատկերացումները (նախնադարյան տոհմացեղային ժամանակներից մինչեւ քրիստոնեություն՝ ներառելով հեթանոսության եւ զրադաշտության շրջանները) տարբեր դրսեւորումներով իրենց արտացոլումն են գտել իրապատում եւ հրաշապատում հեքիաթներում: Ինչպես «Աստված ամենուր է» կարգախոսը, այնպես էլ Աստծո անունը՝ մշտապես ուղեկցում են հերոսին՝ հեքիաթի սյուժեի զարգացման ողջ ընթացքում: Հոդվածում վեր են հանված Աստծո՝ որպես նվիրատուի եւ խորհրդատուի գործառույթները հայկական հեքիաթներում: Ներկայացված են նվիրատվության եւ խորհրդատվության չորս ձեւերը: Պատմական Հայաստանի յուրաքանչյուր պատմազգագրական տարածաշրջանի բազմաթիվ հեքիաթների՝ հերոսին օգնելու նպատակով աստծո միջամտության մասին մոտիվները համադրվել են Աարնե-Թոմփսոն-Ութերի դասակարգման՝ հեքիաթների տիպերին, գտնվել են համարժեք տարբերակները: Որպես կանոն, հեքիաթի հերոսին՝ դժվարագույն խնդիրներն իրագործելու ճանապարհին ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում հայտնված նվիրատուներն ու խորհրդատուները, տարաբնույթ օգնականները, հրաշագործ առարկաներն ու կենդանիները մեծ մասամբ ուղարկված են լինում Աստծո կողմից:
Մելիքյան Գ․Է․, Կանացիության արտացոլումը «Գյուղացու խելացի աղջիկը» հեքիաթախմբում,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 199-208։
Հոդվածում արծածվում են հայ ժողովրդական հեքիաթներում առկա պատկերացումները՝ հերոսուհիների ողջախոհության, հնարամտության ու կանացի հմայքի մասին: Հնագույն ժամանակներից սկսած՝ կանանց պատմած հեքիաթները միտված են եղել կնոջ ինքնահաստատմանը, հասարակության մեջ նրա դերի եւ դիրքի ամրապնդմանը: Հատկանշական է, որ անգամ տղամարդ ասացողների վերապատումներում տեսանելի է կանանց դերի արժեւորումը: «Գյուղացու խելացի աղջիկը» հեքիաթի օրինակով վերլուծվում է գործունյա հերոսուհիներ ունեցող մի հեքաթախումբ, որի՝ Հայասատանի պատմազգագրական տարբեր շրջաններից գրառված 22 տարբերակները համապատասխանում են Աարնե-Թոմփսոն-Ութերի հեքիաթների միջազգային նշացանկի 875 թվահամարին: Այս հեքիաթախմբի հերոսուհիները ինքնաբավ են, ընդունակ են իրենց կայացրած որոշումներով պաշտպանելու թե՛ իրենց եւ թե՛ իրենց հարազատներին, լուծելու հանելուկներ, որոնց պատասխանները հաճախ տղամարդկանց չի հաջողվում գտնել: Այս կանայք ոչ միայն գեղեցիկ են, բարի, այլեւ՝ խելացի, ճարպիկ ու քաջ: Հերոսուհին հակասության մեջ չի մտնում հանրության հետ, բայց որպեսզի հասնի իր նպատակին՝ օգտագործում է իր կանացի հմայքն ու բնատուր մտավոր ընդունակությունները: Բանաձեւային հանելուկների իմաստաբանության միջոցով նա բացահայտում է իրեն, արտահայտում իր մտքերը, զգացմունքները եւ բարոյական արժեքները: Այս հեքաթախմբի բնագրերում առաջնային կերպով արտացոլված են կին-տղամարդ հարաբերությունների հիմնական հակադրազույգերը: Այս սյուժեները պատկանում են այն հեքիաթների շարքին, ուր կինը իմաստալից խոսքով հնարամտորեն արտահայտում է իր դիրքորոշումը՝ հասարակության մեջ շահեկանորեն ամրապնդելով իր կարգավիճակը:
IV. ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդանյան Ս․Գ․, Կրոնափոխ համշենահայերի բարբառի և բանահյուսության ուսումնասիրության պատմությունից,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 210-228։
19-րդ դարի երկրորդ կեսին, երբ հրատարակվում էին հայ բանարվեստի նմուշները, այդ ժամանակ որոշ չափով ուշադրության արժանացավ նաեւ Տրապիզոնի կուսակալության կրոնափոխ համշենահայերի բանահյուսությունը: Հոդվածում ժամանակագրական հերթականությամբ անդրադարձ է կատարվում Թուրքիայում եւ Կենտրոնական Ասիայում բնակվող կրոնափոխ համշենցիներից արված բանահյուսական եւ բարբառագիտական գրառումներին: Ցավոք, դրանց մեծ մասը այլեւայլ պատճառներով կորել է: Փոքրաթիվ բանահավաքների եւ բարբառագետների մեջ կարեւոր դեր են խաղացել նաեւ այլազգի գիտնականները:
Հայրապետյան Թ․Լ․, Հովսեփ Օրբելու բանահավաքչական և բանագիտական գործունեությունը,
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 229-240։
Օրբելիների տոհմը հսկայական դեր է խաղացել հայ քաղաքական ու մշակութային կյանքում: Օրբելի եղբայրներից կրտսերը՝ նշանավոր արեւելագետ, վիմագրագետ, բանագետ Հովսեփ Աբգարի Օրբելին է, ում անվան հետ են կապված Հայաստանում գիտության շատ ճյուղերի սկզբնավորումը եւ հայագիտության առանցքային խնդիրների վերհանումն ու լուսաբանումը: Հ. Օրբելին առաջիններից մեկն է գրառել եւ ուսումնասիրել պատմական Հայաստանի Մոկս գավառի հայ եւ քուրդ բնակչության բառուբանը, կյանք ու կենցաղը, սովորույթները, լեզվական առանձնահատկությունները: Այդ աշխատանքները նա իրականացրել է բնագրերի ծագման ու կենցաղավարման բուն հայրենիքում՝ բարբառային բառերի հնչյունական-արտասանական նրբերանգները ճշգրտելով իր մշակած տառադարձության հատուկ նշանների կիրառմամբ: Նա խմբագրել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրն ու ռուսերեն թարգմանությունը, նորովի մեկնաբանել մեր ազգային դյուցազնավեպի միջազգային զուգահեռները՝ ընդգծելով նրա ինքնատիպությունն ու գաղափարական, գեղարվեստական արժանիքները:
Հայ ժողովրդական հեքիաթների բազմահատոր գիտական հրատարակությունը սկսվել է 1959 թվականից՝ Հ. Օրբելու ընդհանուր խմբագրությամբ, որի նպատակն էր՝ կազմել ու հրատարակել ժողովրդական բանահյուսության հնագույն ժանրերից մեկի՝ հեքիաթի տպագիր ու անտիպ ամբողջական ու համակարգված ժառանգությունը. այս աշխատանքը Հ. Օրբելին իրականացրել է տեղագրական-ազգագրական հատկանիշների խմբավորման ու տեղաբաշխման, տեքստաբանական միասնական կանոնների մշակման սկզբունքով:
Մադաթյան Վ․Օ․, «Ազգ» հասկացությունը հանրային մարմինների շարքում. «ազգի», ազգակցական կապերի դրսեւորումներ Տավուշում (19 – 20-րդ դդ.),
ՀԱԻԱ, 2021, № 4, էջ 241-256։
Հոդվածում անդրադառնում ենք խորհրդային եւ հայ ազգաբանությունում արյունակցա-ազգակցական կազմակերպության ուսումնասիրությանը, հայոց մեջ եւ մասնավորաբար Տավուշում այդ կազմակերպությանն առնչվող գրականությանն ու աղբյուրներին: Հայոց ազգ-արյունակցական կապերի հայտնի դրսեւորումներից են՝ արյունակից ընտանիքներից կազմված գյուղերը, ազգակից գյուղերի խմբերը, ազգակցական թաղերը, գերեզմանոցները, դրանց ազգակցական տեղամասերը, ամառային արոտավայրերի ազգակցական ժամանակավոր բնակատեղիները, ազգականների սերտ հարաբերությունները՝ փոխօգնություն, տնտեսական, սոցիալական, գաղափարական ընդհանրություն: Սրանցից զատ, աղբյուրների հիմամբ լրացուցիչ ներկայացնում ենք՝ ա) 19-րդ դ. եւ ավելի վաղ ժամանակների՝ գերազանցապես ազգակցական գյուղերի ու գյուղախմբերի երբեմնի գոյության նոր տվյալներ Տավուշից եւ այլ շրջաններից, դեռեւս չարձանագրված՝ 20-րդ դ. 60 – 90-ական թթ. ազգակցական կապերի նոր, ինքնօրինակ դրսեւորումների փաստեր, որոնք գրանցել ենք Տավուշում եւ ՀՀ այլ մարզերում կատարած դաշտային աշխատանքի ընթացքում: Դրանք են՝ բ) գյուղերի հիմնադիր «ազգ»-երին (ընտանիքներին) նվիրված հուշարձանների կառուցումը, գ) Հայրենական պատերազմում «ազգ»-ից զոհվածների առանձին հուշարձանների կառուցումը, նրանց անունների խմբված արձանագրումը համագյուղական այդ հուշարձանին, դ) «ազգ»-ի անունով աղբյուր-հուշարձանների, դրանց կից հանգստի գոտիների կառուցումը, ե) տարբեր վայրերում բնակվող ազգականների հանդիպում-հավաքների կազմակերպումը՝ հրավիրատոմսեր առաքելով, զ) ազգի մասին գրքույկների, լուսանկարների ալբոմների, տոհմածառերի պատրաստումը, որոնք բաժանում էին հավաքի մասնակիցներին, մյուս ազգականներին: